Բաժիններ՝

Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված անձը գործել է ԻՊ կարգադրությամբ. Bild

Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակում իրականացրած անձը գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարգադրությամբ: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը՝ հղում անելով Կահիրեի հատուկ ծառայություններում իր աղբյուրի վրա:

Նշվում է, որ հանցագործը համացանցի միջոցով կապ է հաստատել ԻՊ զինյալների հետ:

Եգիպտոսի իշխանությունները չեն հաստատել այս տեղեկությունը:

Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի: Չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել է մարմնական վնասվածք: Հարձակվողին՝ 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանին ձերբակալել են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ տուժած ՀՀ քաղաքացիները կանայք են: «Երկու քաղաքացիներն էլ կանայք են: Նրանցից մեկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուսին երևի վաղը դուրս կգրեն»,- ասել էր Բալայանը և հավելել, որ տեղեկություն չունի, թե երբ են վերադառնալու հայրենիք:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս