«ԵԱՀԿ Մինսկի խումբն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը կենդանի պահելու համար». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ ասաց, որ իրականում գործընթացը, որը բավականին «հանգած ու մարած» է, այս փուլում խնդիր ունի որոշակի աշխուժացման և կենդանի մնալու, ու գոնե հատուկենտ հանդիպումները, որոնք սովարաբար հաջորդում են սահմանին գրանցվող լուրջ միջադեպերի, նպատակ ունեն թույլ չտալու լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալումը: «Այսինքն՝ կրկին կողմերին բերելու բանակցային սեղան և հարկադրելու ինչ-որ չափով  հանդես գալ նրանով, որ խաղաղությունը խնդրի միակ լուծումն է»,- նկատեց բանախոսը։

Ըստ ադրբեջանագետի՝ այդ ամենին, ցավոք, հաջորդում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարարությունները, որում սպառնում են դիմել ռազմական գործողությունների։

«Թեթև խաղաղության կոչին անմիջապես հաջորդում է պատերազմի հերթական սպառնալիքն Ադրբեջանի կողմից»,- ասաց ադրբեջանագետը։

Տ. Հայրապետյանը նկատեց նաև, որ Ադրբեջանը շարունակում է ի ցույց դնել իր ռազմական ներուժը, մասնավորապես՝ հունիսին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական զորավարժություններով. «Կրկին դեմոնստրատիվ կերպով ցույց են տալիս, որ իրենք չեն բացառում խնդրի լուծման ռազմական ճանապարհը»։

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում ընթացող վերջին փոփոխություններին՝ ադրբեջանագետը նշեց, որ հատկապես Մեհրիբան Ալիևայի իշխանության գալուց հետո, Իլհամ Ալիևը կատարում է իր վաղեմի ցանկությունը՝ ազատվելու իր հայրական գվարդիայից, որը մշտապես որպես որոշակի ուժ է հանդես եկել երկրում։

«Այժմ հատկապես պաշտպանական ոլորտը համալրվում է այնպիսի մարդկանցով, որոնք ավելի շատ Փաշաևների կլանի ներկայացուցիչ են, կամ «Փաշա» հոլդինգի հետ համագործակցության հետքեր են նկատվում, կամ նույնիսկ աշխատել են Հեյդար Ալիևի անվան հիմնադրամում»,- ասաց Տ. Հայրապետյանը։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին՝ նա նշեց. «Մինսկի խումբն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը կենդանի պահելու համար, արդեն կողմերից է կախված, թե որքանո՞վ նրանք այդ հանդիպումների ընթացքում ինչ-որ հաջողություններ կգրանցեն։ Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը թույլ է տալիս նոր էսկալացիան, ուղղակի նա պետք է ավելի կոշտ լինի իր դիրքորոշումներում»։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս