Բաժիններ՝

Եգիպտոսի իշխանությունները փակել են Հուրգադայի այն լողափը, որտեղ հարձակում էր իրականացվել

Հուրգադայի քաղաքային իշխանությունները փակել են այն քաղաքային լողափը, որտեղ հուլիսի 14-ին դանակով մարդը հարձակում էր իրականացրել զբոսաշրջիկների վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եգիպտոսի այդ շրջանի նահանգապետի կարգադրությամբ ամենակարճ ժամանակահատվածում լողափի մուտքերի մոտ տեղադրվելու են համապատասխան սարքավորումներ, որոնք ապահովելու են դրա անվտանգությունը և թույլ չեն տալու օտար անձանց մուտք գործել լողափ:

Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի: Չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել է մարմնական վնասվածք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ տուժած ՀՀ քաղաքացիները կանայք են: «Երկու քաղաքացիներն էլ կանայք են: Նրանցից մեկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուսին երևի վաղը դուրս կգրեն»,- ասել էր Բալայանը և հավելել, որ տեղեկություն չունի, թե երբ են վերադառնալու հայրենիք:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս