Պաշտոնական. Կայլ Ուոքերը «Տոտենհեմից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
«Մանչեսթեր Սիթին» թուլացրեց «Տոտենհեմին»: «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Կայլ Ուոքերի տեղափոխության մասին: Ֆուտբոլիստը քաղաքայինների հետ կնքել է հնգամյա պայմանագիր: Նոր թիմում Ուոքերը հանդես կգա երկրորդ համարի մարզաշապիկով:
«Ես երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու համար և չեմ համբերում մինչև մրցաշրջանի մեկնարկը: Պեպ Գվարդիոլան ամենահարգված մարզիչներից մեկն է աշխարհում: Ես զգում եմ, որ նա կօգնի ինձ դուրս գալ նոր մակարդակի»,- ասում է Ուոքերը:
Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլիստի համար վճարել է 56.5 մլն եվրո: Դա ռեկորդային գին է պաշտպանի համար: Մինչ այս ռեկորդը պատկանում էր Դավիդ Լուիսին. «Չելսիից» ՊՍԺ՝ 49.5 մլն եվրոյով:
27-ամյա անգլիացին Բեռնարդո Սիլվայից և Էդերսոնից հետո դարձավ Պեպ Գվարդիոլայի թիմի 3-րդ նորեկը: Ուոքերը «Տոտենհեմ» էր տեղափոխվել 2009 թվականին: Թիմի կազմում նա անցկացրել է 229 պաշտոնական խաղ և դարձել է 4 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը