Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոց. ԱԳՆ
Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված հայերին տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոց: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
«Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ տուժած ՀՀ քաղաքացիները կանայք են: «Երկու քաղաքացիներն էլ կանայք են: Նրանցից մեկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուսին երևի վաղը դուրս կգրեն»,- ասել էր Բալայանը և հավելել, որ տեղեկություն չունի, թե երբ են վերադառնալու հայրենիք:
Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի: Չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել է մարմնական վնասվածք:
Անհայտ անձը մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակով հարվածներ հասցնել այնտեղ առկա մարդկանց: