Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ
Ռուսաստանյան Yandex.Taxi-ի և Uber-ի ծառայությունների միավորման արդյունքում ձևավորված ընկերությունը, որի տնօրենն է հայազգի Տիգրան Խուդավերդյանը, պետք է աշխատի Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի տարածքում: Սակայն Ադրբեջանը նոր ընկերության տնօրենի հայ լինելու պատճառով խզում է կապերը Yandex-ի և Uber-ի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Այն դեպքում, եթե Yandex-ի և Uber-ը միավորած ծառայությունները ղեկավարվեն Հայաստանի որևէ քաղաքացու, կամ էլ ազգությամբ հայի կողմից, Ադրբեջանը միավորման արդյունքում ստեղծվելիք նոր ընկերության հետ այլևս չի համագործակցի և կխզի բոլոր կապերը»,- լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի խոսնակ Մայիս Ագիևը: