Առաջնագիծը մշտական ջրով ապահովելու ծրագիրը մտել է շինարարական փուլ

Առաջնագիծը մշտական ջրով ապահովելու ծրագիրը մտել է շինարարական փուլ:

Այս մասին նշել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Այս կարևոր ծրագրի մասին արդեն մի քանի առիթով խոսել եմ: Նախօրեին առաջնագիծ էի մեկնել՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին:

Բավականին բարդ տեղանքում հողային աշխատանքներ են տարվում, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ջրի մշտական հոսքը՝ խողովակաշարով, դեպի մարտական հենակետեր տեղափոխելու համար»,-գրել է Facebook-ի իր էջում:

Առաջնագիծը մշտական ջրով ապահովելու պիլոտային ծրագիրը բարեհաջող իրականացվել է Ջրականում (նախկինում՝ Ջաբրայիլ, որոշ դիրքեր ապահովված են մշտական ջրով):

«Առաջնագծում ծառայած եւ ծառայող մարդիկ լավ գիտեն այս ծրագրի իրական էֆեկտիվությունն ու գինը, իսկ զինծառայողների հետ անցկացվող զրույցների ժամանակ այս ծրագրի իրականացումը ամենանախընտրելիներից է: Ծրագրի ներդրումը մեծ թվով խնդիրներ կլուծի. առաջին հերթին զինծառայողներին օրվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ ջրի օգտագործման հնարավորություն կընձեռվի: Երկրորդ, ջրի մեքենաները մշտապես հակառակորդի թիրախում են եւ անվտանգության առումով լուրջ խնդիրներ են ստեղծում վարորդների համար, ծրագրի իրականացմամբ այս վտանգն ամբողջությամբ կչեզոքացվի: Երրորդ, այն կապահովի ֆինանսական մեծ տնտեսումներ», – ավելի վաղ նշել էր Տիգրան Աբրահամյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս