Թուրքիայի քեմալական կուսակցության առաջնորդը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք իրենք առաջարկելու են նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին իր թեկնածությունն առաջադրել ընդդեմ Էրդողանի՝ քեմալական կուսակցության առաջնորդն ասել է. «Աբդուլլահ Գյուլն ինքը պետք է որոշի, թե ինչ անի: Ես ընտրություններից երկու տարի առաջ նման սխալ քայլ չեմ անի և անուններ չեմ ասի»: