Երկիր, որտեղ դպրոցը քանդում են ու տեղը հյուրանոց կառուցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչ-որ պաշտոնյայի ուղեղի փայլատակման արդյունքում, շախմատային մի քանի գործողություններից հետո, քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցը «սուսուփուս» դարձավ ինչ-որ օլիգարխի էլիտար հյուրանոց:

Խոսքը Երևանի Զաքյան փողոցում գտնվող Ասքանազ Մռավյանի անվան նախկին թիվ 25 դպրոցի մասին է, որը դեռ 2012-ին դադարեցրեց իր գործունեությունը, և կառավարության թեթև ձեռքով տրամադրվեց ՀՀ փաստաբանների պալատին, որտեղ պետք է «տեղավորվեին» նաև Փաստաբանների դպրոցն ու հանրային պաշտպանի գրասենյակը:

Դեռևս ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի նիստում որոշվել էր. «Երևան քաղաքի Զաքյան փողոցի N2 հասցեում գտնվող վթարային վիճակում գտնվող շենքն ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Շենքի առաջին հարկը և նկուղը սեփականության իրավունքով կտրամադրվեն շինարարական կազմակերպությանը որպես նշված շինության հիմնանորոգման փոխհատուցում։ Որոշման համաձայն շենքն ամբողջությամբ կնորոգվի առանց պետբյուջեի լրացուցիչ ծախսի, դրա երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում կտեղակայվեն ՀՀ փաստաբանների պալատը, հանրային պաշտպանի գրասենյակը, ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցը»։

Շինարարություն իրականացնողն էլ ինչրոր «Գոհարիկ» ՍՊԸ էր: Միով բանիվ, այսօր 2017 թվականն է, Մռավյանի դպրոցի տեղում վեր է խոյացել «Ցենտրալ» էլիտար հյուրանոցը: Այ քեզ աճպարարներ: Երկիրը, որտեղ դպրոցի տարածքի վրա աչք են տնկում ու փաստաթղթային աճպարարությամբ, մի քանի «շախմատային քայլերով» այն դարձնում են հյուրանոց, երկիր չի դառնա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս