«Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում»

Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարևորությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ «panorama.am» լրատվական կայքի հարցին ի պատասխան մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ ԱԳ նածխարարի տեղակալը նաև նշել է.

«Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո նախագահների մակարդակով տեղի ունեցած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից հետո սա ԱԳ նախարարների չորրորդ հանդիպումն էր: Ինչպես և նախորդները, բրյուսելյան հանդիպումը նույնպես ուղղված էր ԼՂ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը. ոչ ավելի, ոչ պակաս:

Ակնհայտ է, որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ոչ թե նախապայման է բանակցությունների, այլ անհրաժեշտ պայման՝ բանակցությունների արդյունավետության համար»:

Տեսանյութեր

Լրահոս