Բաժիններ՝

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի մասին պաշտոնապես տեղյակ է պահվել Թուրքիայի ՆԳՆ-ն

Պոլսո Հայոց պատրիարքական Աթոռը հուլիսի 12-ի առավոտյան հրապարակել է պաշտոնական զեկույց Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության Նախաձեռնող խմբի դիվանի կազմության մասին: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պատրիարքարանի զեկույցում նշված է հուլիսի 4-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Նախաձեռնող խմբի կազմության փաստը: Բացի այդ, արձանագրվել է, որ հուլիսի 10-ին Նախաձեռնող խումբը գումարել է անդրանիկ նիստը, որի ժամանակ ընտրվել է դիվանի կազմը:

Զեկույցի բովանդակության կարևորագույն մասն այն է, որ պատրիարքի ընտրության գործընթացի այս փուլի բոլոր մանրամասները Ստամբուլի նահանգապետարանի միջոցով փոխանցվել են Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:

Պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ հուլիսի 12-ին համապատասխան տեղեկությունները պաշտոնապես փոխանցվելու են Ստամբուլի նահանգապետարանին:

Նախաձեռնող խմբի իրավաբան Սեպուհ Ասլանգիլն էլ, նշելով, որ օրվա ընթացքում դիմումը նահանգապետարան արդեն ուղարկված կլինի, ընդգծել է, որ իրականում իրենք պարտավոր չեն ամեն քայլի մասին տեղյակ պահելու այս կամ այն պատկան մարմնին: «Սա զուտ բարոյահոգեբանական նշանակություն ունի»,- նշել է նա:

Առաջիկայում Նախաձեռնող խումբը պետք է աշխատանքներ իրականացնի ընտրողների ցուցակների հստակեցման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս