Բաժիններ՝

«Իմ գնահատականով՝ գումար չի լվացվել». Վահան Մարտիրոսյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներին՝ ասաց.

«Եղել եմ երկու տարածքներում, որտեղ աշխատում են իսպանական և չինական ընկերությունները։ Երբ գարնանն ասում էի, որ խնդիրներ կային, հիմա այլևս չկան, և դրա համար շինարարությունն ուշանում էր։ Հիմա ակտիվ շինարարություն է ընթանում։ Արդեն ահագին բետոնապատման աշխատանքներ են արվել, մինչև ամսվա վերջ կունենանք մոտ 4 կմ-ից ավելի բետոնացված տարածք։ Իսպանական ընկերությունն օրական միջինը 300 մետր բետոնապատում է իրականացնում՝ զուգահեռ պատրաստելով հիմքերը, իսկ չինական ընկերություններն աշխատում են Թալին-Գյումրի հատվածում։

Այնտեղ էլ, համեմատած անցած տարվա վերջին,  շինարարական աշխատանքները սկսելուց հետո բավականին ակտիվացում է նկատվում, և ռեալ արդյունքներ կան»։
Հարցին, թե ե՞րբ կավարտվի Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը, նախարարը պատասխանեց՝ 2019 թ. ամռանը։

Մեկ այլ հարցի, թե ինչքա՞ն գումար է հարկավոր Հյուսիս-Հարավ ճանապարհն  ամբողջությամբ կառուցելու համար, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց, թե հստակ թիվ չի կարող ասել, որովհետև դեռևս հատվածներ կան, որ նախագծման աշխատանքները վերջնական չեն, դրանից հետո մրցույթներ պետք է լինեն, և մրցույթների արդյունքներից հետո նոր կարող են թիվ հայտարարել։

Խոսելով Հյուսիս-Հարավ ճանապարհի ծրագրի ընթացքում «փողերի փոշիացման և լվացման» հավանականության մասին՝ նախարարն ասաց. «Իմ գնահատականով՝ գումար չի լվացվել։ Եթե հարցն այդպես եք դնում, ինձնից պատասխանը չեք կարող ակնկալել։ Կարող եք ակնկալել, եթե ինչ-որ քննություն գնա դրան վերաբերող։ Ինչ վերաբերում է ինձ, ես ուսումնասիրում եմ այն չափով, ինչքանով մեր պարտականություններն են, և ես այդպիսի բան չեմ տեսնում»։

Հարցին, թե՝ բայց չեք էլ կարո՞ղ բացառել, նախարարը պատասխանեց. «Ես կասկածելու հիմք չունեմ»։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս