Բաժիններ՝

«Մենք էլ ենք գտնում, որ սակագներն արդարացված չեն». Վահան Մարտիրոսյանը՝ օդանավակայանի տարածքում աշխատող տաքսիների գների մասին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում աշխատող տաքսիների մասին՝ ասաց. «Այսօր փաստացի «Զվարթնոցում» աշխատում է մեկ տաքսի ընկերություն։ Օդանավակայանի ղեկավարության հետ իմ հանդիպման ժամանակ իրենք պարտավորվեցին երկրորդ, երրորդ տաքսի ընկերություններին թույլ տալ աշխատել»։

Նախարարի խոսքով՝ հիմա վարվում են բանակցություններ այդ ընկերությունների հետ, բայց պահանջները խիստ են, որ մեքենաները լինեն որակով, վարորդները լինեն կոկիկ։ Հարցին, թե՝ 2-րդ, 3-րդ ընկերությունների առկայությունը կբերի՞ գների նվազեցման, նախարարը պատասխանեց.

«Ցանկացած մրցակցություն բերում է գների իջեցման»։

Պարոն Մարտիրոսյանը նշեց նաև, որ սակագների փոփոխության հարցն իրենց կողմից բարձրացվել է. «Մենք էլ ենք գտնում, որ սակագներն արդարացված չեն, բայց նախարարությունն իրենց վրա սակագին հաստատելու ոչ մի իրավասություն չունի»։
Նախարարի խոսքով՝ իրենք դեռ շարունակելու են պահանջել, որպեսզի սակագներն իջեցվեն, փորձելու են բանակցել։

«Լավագույն արդյունքը կլինի այն, որ մտնեն 2-րդ, 3-րդ ընկերություններ, և մրցակցությունը բերի գների իջեցման»,- ասաց Վահան Մարտիրոսյանը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս