
Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակցին սպառնում է 6-9 տարվա ազատազրկում

Վրաստանի ներքին գործերի նախարարության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության աշխատակիցները կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակից Օթար Աբեսաձեին: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:
Գործի հետաքննության արդյունքում պարզվել է, որ Աբեսաձեն 2017 թվականի մայիսին Վրաստանի քաղաքացիներին խոստացել է արագացնել Քուռ գետի վրա շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն ստանալու գործընթացը, ինչի համար պահանջել է 3000 ԱՄՆ դոլար:
Գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, ինչը ենթադրում է 6-9 տարվա ազատազրկում: