Բաժիններ՝

Թուրքիայից զինվորականների նոր խումբ է ժամանել Կատար

Թուրքիայից զինվորների նոր խումբ է ժամանել Կատար: Ինչպես հաղորդում է թուրքական NTV-ն, այս մասին ասվում է Կատարի զինված ուժերի կողմից արված հրապարակման մեջ:

Կատարի իշխանությունները չեն հստակեցրել, թե այս անգամ քանի զինվոր է տեղափոխվել Թուրքիայից:

Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Կատարում գտնվող թուրքական ռազմաբազայում տեղակայված են 111 թուրք զինվոր:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:

Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի ըստ երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015 թվականին:

Ուշագրավ է, որ Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ յոթ երկիր (Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեյն, Լիբիա, Եմեն, Մալդիվներ) հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: Երկրները նման քայլը մեկնաբանել էին նրանով, թե Կատարն աջակցում է ահաբեկչությանն ու ապակայունացնում է իրադրությունն արաբական երկրներում: Հետագայում այդ երկրների թիվն ավելացավ:

Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել երկխոսության գնալ՝ հայտարարելով, որ պաշտոնական Անկարան շարունակելու է զարգացնել հարաբերությունները Կատարի հետ: Նա նշել էր, որ այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը ճիշտ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս