
Amnesty International-ը կոչ է արել Թուրքիային անհապաղ ազատ արձակել իրավապաշտպաններին

Թուրքիայի իշխանությունները պետք է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակեն երկրում ձերբակալված 10 իրավապաշտպաններին, ում կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս յոթ օրով: Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
«Այս տեղեկությունն իմանալուց հետո մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ անհապաղ ազատ արձակելու մեր կազմակերպության Թուրքիայի տնօրենին ու մյուս ինը իրավապաշտպաններին, ովքեր ձերբակալվել են: Բացարձակապես անհեթեթություն է այն, որ նրանց դեմ հետաքննություն է իրականացվում զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության մեղադրանքով: Նրանք անգամ մի պահ չպետք է անցկացնեն ճաղերի հետևում: Ոստիկանական խցերում ևս մեկ շաբաթ անցկացնելու փաստը անհերքելի ապացույցն է այն դաժան վերաբերմունքի, որը Թուրքիայում կիրառվում է մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարողների դեմ»,- նշել է Amnesty International-ի Եվրոպայի տնօրեն Ջոն Դելհուզենը:
Թուրքիայի իրավապահ մարմինները հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են տասին: Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք: Հուլիսի 11-ին հայտնի է դարձել նրանց կալանքի ժամկետը ևս մեկ շաբաթով երկարաձգելու որոշման մասին:
Միացյալ Նահանգների պետդեպը կատարվածի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով պահպանել Թուրքիայի սահմանադրությամբ երաշխավորված ազատությունները: