«Ռուսաստանը ոչ միայն զենք է մատակարարում, այլ նաև ուղարկում է իր ռազմական փորձագետներին Ադրբեջան». Հովհաննես Իգիթյան

«Ադրբեջանին լրացուցիչ զենքի մատակարարումը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը լրջորեն փորձում է փոխել մոտեցումները, և լուծել հարցը՝ հաշվի առնելով ռազմական գործոնը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով տարածված տեղեկության մասին, թե Ադրբեջանը Ռուսաստանից նոր զինատեսակ է ձեռք բերել:

Հ. Իգիթյանն այս գործընթացում շատ բացասական գնահատեց Ռուսաստանի դերը. «Ես ուշադիր կարդացի ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին համաձայնությունը, բավականին վատ է գրված, ու այնտեղ որևէ սահմանափակում չկար, որ այդ զենքը չպետք է կիրառվի, օրինակ, խաղաղ բնակավայրերի նկատմամբ կամ խաղաղ բնակչության նկատմամբ»:

Բանախոսը նաև կարևորեց մեկ այլ «տխուր» հանգամանք. «Ռուսաստանը ոչ միայն զենք է մատակարարում, այլ նաև ուղարկում է ռազմական փորձագետներին: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն ինքնուրույն ռուսական զենքի ամբողջ էֆեկտիվությունը չի կարող կիրառել: Այսօր Ռուսաստանը փորձում է դա շտկել և լրացուցիչ ռազմական փորձագետներ է ուղարկում Ադրբեջան, որոնք պետք է սովորեցնեն Ադրբեջանին՝ ինչպես պետք է օգտագործեն այդ զենքը և ինչպես պետք է օգտագործեն հայկական կողմի դեմ»:

Հ. Իգիթյանը նկատեց, որ բոլոր այդ մասնագետներն այս կամ այն ձևով կապված են Ռուսաստանի անվտանգության համակարգի հետ. «Իսկ Ռուսաստանի անվտանգության համակարգը լրիվ մտած է Հայաստան, և վերջերս նաև եղել են Լեռնային Ղարաբաղում, դա նշանակում է, որ Ռուսաստանի անվտանգության համակարգը տեղյակ է այն բոլոր կարևոր կետերից, որոնք առկա են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Մտավախություն կա, որ այդ տեղեկություններն այս կամ այն ձևով կարող են հասնել Ադրբեջան Ռուսաստանի մասնագետների կողմից»:

Ըստ Հ. Իգիթյանի՝ հայկական կողմը լուրջ անելիքներ ունի. «Չպետք է այսպես զուսպ և ամաչելով խոսել Ռուսաստանի հետ՝ այդ հարցի հետ կապված»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս