«Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխման գործընթացը սկսված է». Սուրեն Քրմոյան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով՝ ՌԴ-ում դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասով դատարանի վճիռը կայացվել և ուժի մեջ է մտել, լրատվամիջոցներով նաև տեղեկություններ է հրապարակվել ՌԴ-ի տարածքով ներքին տեղափոխման մասով։
Փոխնախարարն ասաց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Ռուսաստանի գործընկերների հետ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում Հրաչյա Հարությունյանը տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն և պատիժը կրի այստեղ։
«Քանի որ հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում, ավելի հստակ ժամկետներ դեռևս չենք կարող նշել, բայց որոշումը կայացված է, տեղափոխման գործընթացը սկսված է»,- նկատեց Պարոն Քրմոյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող Հրաչյա Հարությունյանն ազատազրկման է դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով։ Դատապարտյալի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 18 մարդ էր զոհվել։
Ռոզա Հակոբյան