«Ուրախ կլինեմ, ամեն օր թող հանդիպեն, բայց ակնկալիքներ չունեմ». Թևան Պողոսյանը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին
«Ուրախ կլինեմ, ամեն օր թող հանդիպեն, բայց ակնկալիքներ չունեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը` խոսելով այսօր կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին:
Թևան Պողոսյանի խոսքով՝ ակնկալիքներ կձևավորվեն այն ժամանակ, երբ հանդիպեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և խոսեն Ղարաբաղյան հիմնախնդրից:
Իսկ այսօրվա հանդիպման ընթացքում, նրա կարծիքով, լավագույն դեպքում կարող են ևս մեկ անգամ խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին՝ արդյոք դրանք կյանքի կոչելո՞ւ են, թե՞ ոչ:
Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե տեղեկատվական դաշտում փորձեին քննարկել և հասկանալ, թե երեկվա Ալիևի և Էրդողանի հետ հանդիպումից ի՞նչ կարելի է ակնկալել:
«Եթե վերհիշենք 2016 թվականի ապրիլյան դեպքերը, ապա կհասկանանք, որ դրանից առաջ Ալիևը հանդիպել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Վաշինգտոնում, որից հետո ունեցանք այն, ինչ ունեցանք: Պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների, պետք է սկսենք սցենարների ծրագրավորման այդ գաղափարով առաջնորդվել»,- ասաց բանախոսը:
Անի Թորոսյան