Միակ թեման, որի մասին պետք է խոսեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ ըստ Հովհաննես Իգիթյանի
Կտրուկ փոփոխություններ պետք չէ սպասել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով այսօր կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
«Ես չգիտեմ՝ ինչի մասին պետք է խոսեն, բայց ինձ թվում է՝ այս իրավիճակում միակ թեման, որ պետք է խոսեն Հայաստանն ու Ադրբեջանը, դա Ադրբեջանի կողմից այս ռազմական ագրեսիայի դադարեցումն է, այս լարված իրավիճակում ընդհանրապես բանակցություններ հնարավոր չեն»,- նշեց Հ. Իգիթյանը:
Նա դժվարացավ ասել, թե ինչ արդյունք կարող է տալ այս հանդիպումը. «Բայց եթե Է. Նալբանդյանը փորձի նաև օգտագործել այնտեղ ԵԱՀԿ-ի այլ երկրների արտգործնախարարների առկայությունը և բարձրացնի այլ հարցեր, օրինակ, ԵԱՀԿ-ի գրասենյակի փակման հարցը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, ինձ թվում է՝ դա այլ ֆոն կստեղծի»:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ էլ՝ այս պահին բանակցային գործընթաց չկա: Այսօր կայանալիք հանդիպումը, ըստ նրա, կարող է ընդամենը լարել սահմանային իրավիճակը. «Ամեն անգամ, երբ հանդիպումներ են լինում, կա՛մ նախօրեին, կա՛մ ընթացքում, կա՛մ հետո Ադրբեջանի դիպուկահարներն ավելի հաջողակ են լինում, և մենք ունենում ենք կա՛մ վիրավորներ, կա՛մ ավելի վատ իրավիճակներ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: