Բաժիններ՝

«Որոշումն ընդունելու են ՀՀ իրավասու մարմինները, ոչ թե միջազգայինները». Սուրեն Քրմոյանը՝ «Սասնա ծռերի» գործով Human Rights Watch-ի հայտարարության մասին

«Մենք շնորհակալ ենք միջազգային բոլոր գործընկերներին, որ խնդիրները բարձրաձայնում են, լավագույն լուծումներ են առաջարկում, բայց միջազգային կառույցը չէ, որ պետք է որոշի անձի մեղավորությունը, դեպքի առկայությունը և, ի վերջո, պատասխանատվության եղանակը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ անդրադառնալով Human Rights Watch-ի հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ իշխանությունները պարտավոր են «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարության ընթացքում ենթադրյալ ծեծի մասին օպերատիվ, մանրակրկիտ ու արդյունավետ հետաքննություն  իրականացնել ու պատասխանատվության կանչել այն անձանց, ովքեր պատասխանատու են դաժան վարվեցողության համար։

Նրա խոսքով՝ բազմաթիվ անգամներ իրավապահ մարմինները նշել են, որ համապատասխան քրեական գործ է հարուցվել, համապատասխան քննություններ են ընթանում. «Չմոռանանք նաև անմեղության կանխավարկածի մասին, մենք չենք կարող ասել՝ այս անձին արդեն մեղավոր ենք ճանաչում, և այս անձը չպետք է կատարի իր ծառայողական պարտականությունները»։

Ս. Քրմոյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունը՝ որպես քաղաքականություն մշակող մարմին, միանշանակ կողմ է, որ բոլոր հանցագործության դեպքերը, կատարված  լինեն ֆիզիկական թե պաշտոնատար անձանց կողմից, անխտիր պատասխանատվության ենթարկվեն։

«Եթե անձը մեկ դեպքով պատասխանատվության չենթարկվի, դա շղթայական համապատասխան հետևանքներ է ունենալու»,- հավելեց փոխնախարարը։
Վերջինս նկատեց, որ որոշումն ընդունելու են Հայաստանի իրավասու մարմինները, ոչ թե միջազգայինները, իսկ վերջիններիս բարձրացրած բոլոր հարցերը, մտավախություններն իրենց պատասխանը ստանալու են։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս