Գերմանիան սկսել է իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու գործընթացը
Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ գերմանական կողմը սկսել է իր զորքը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու գործընթացը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Ինջիրլիքում էին տեղակայված 260 գերմանացի զինվոր, 6 «Տորնադո» տեսակի հետախուզական ինքնաթիռ և մեկ լիցքավորող ինքնաթիռ: Գերմանական կողմն իր ներկայությունն Ինջիրլիքում օգտագործում էր «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններին մասնակցելու նպատակով:
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, ինչ թուրքական կողմը արգելեց Բունդեսթագի պատգամավորներին այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորներին: Պաշտոնական Անկարան որոշումը պայմանավորեց նրանով, որ Գերմանիան չի կատարում իրենց պահանջն ու չի հանձնում այդ երկրում գտնվող գյուլենականներին և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հունիսի 5-ին մեկնել էր Թուրքիա՝ հանդիպելու գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և վերջին անգամ քննարկելու գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիք թույլ տալու հարցը: Չավուշօղլուն, սակայն, բացասական պատասխան էր տվել՝ նշելով, որ պատճառը պաշտոնական Բեռլինի դիրքորոշումն է Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների նկատմամբ: Նման հայտարարությունից հետո Գաբրիելն ասել էր, որ իրենք այլընտրանք չունեն, քան զինվորներին Ինջիրլիքից այլ ռազմաբազա տեղափոխելը:
Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ հունիսի 22-ին որոշում էր ընդունել հետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Որոշման օգտին էր քվեարկել 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Այդպիսով պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակն իր զինվորներին դուրս է բերում ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխում մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի՝ Հորդանանի ռազմաբազա: