«Արթուր Սարգսյանը խախտում էր թույլ տվել». ՀՀ գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ դատախազությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ ծայրագույն սխալ է խնդիրները թաքցնելը, դրանց վրա աչք փակելը.
«Մենք հետևություններ կանենք այստեղ հնչած իրապես սրտացավ գնահատականներից: Համաձայն չլինելով առանձին գնահատականների հետ՝ առանձին հարցեր, հատկապես՝ կալանավորման, վճռաբեկ բողոքների քննության լուծման պրակտիկային առնչվող կարող ենք քննարկել առավել աշխատանքային ձևաչափերով»,-ասաց նա:
Անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված՝ Արթուր Սարգսյանի կալանավորման հարցին, նրա մահվան հանգամանքների վերաբերյալ հնչեցրած գնահատականներին, նա ասաց, որ կոռեկտ չի համարում «հաց բերողի» մահվան շահարկումը. «Իսկ օրենքի տեսանկյունից անթույլատրելի է այս հարթակում այդ հարցի քննարկումը՝ նկատի ունենալով, որ այդ հարցով քննվում է քրեական գործ: Իսկ Սարգսյանի երկրորդ անգամ կալանավորման վերաբերյալ դատախազության կայքում տրվել են մանրամասն պարզաբանումներ»:
Այնուամենայնիվ, գործի վերաբերյալ նա հետևյալն ասաց. «Առաջին անգամ կալանքը փոխվել է կոնսիլիումի մասնագիտական եզրակացության հիման վրա, մասնագիտական կարծիքը հնարավորություն էր տվել փոխելու խափանման միջոցը; Դրանից հետո նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն, որի եզրակացությունը հակասում էր կոնսիլիումի եզրակացությանը, որոշվեց նշանակել կրկնակի փորձաքննություն:
Հստակեցվեց նախորդ փորձաքննության բացերը և տրվեց վերջնական եզրակացություն, որ Արթուր Սարգսյանը տառապում էր համաատասխան հիվանդություններով, որոնք չեն համընկնում Կառավարության որոշմամբ կալանքի հետ անթույլատրելի հիվանդությունների հետ: Ուզում եմ ասել, որ երկրորդ կալանավորման համար սա չէր հիմք հանդիսացել, այլ դատավարական օրենքի պահանջը:
Արթուր Սարգսյանը խախտում էր թույլ տվել: Նա պատշաճ ծանուցվել էր, բայց չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, բացի դրանից՝ գործով տվյալներ էին ձեռք բերվել Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»:
Գլխավոր դատախազը նշեց, որ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: