«Այո, նախագահը ճիշտ ուղղություն տվեց». Գևորգ Կոստանյան
ԱԺ ՀՀԿ-խմբակցության պատգամավոր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր ԱԺ-ում հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթը:
«Հանրապետության նախագահը հայտարարել է, որ դատախազությունը պետք է ունենա իրավապաշտպան դեր: Եթե նախկինում մենք խոսում էինք օրենքի գերակայության սկզբունքից, ապա հիմա մենք օրենքի գերակայությունից անցել ենք իրավունքի գերակայության, սա նշանակում է, որ եթե օրենքը գործում է, բայց բովանդակային առումով հակասում է մարդու իրավունքին, ապա առաջնահերթությունը պետք է տրվի իրավունքին: Դատախազությունը միշտ ունեցել է պատժիչ ընկալում հասարակության մեջ: Այո, նախագահը ճիշտ ուղղություն տվեց. ցանկացած մեղադրյալ, ամբաստանյալ պետք է այնքան վստահ լինի, որ դատախազն օրինականության երաշխավորն է, որ փաստաբանի կարիք էլ չունենա: Դատախազը պետք է ստանձնի օրինականության երաշխավորի դերը»,- ասաց Գեւորգ Կոստանյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ավելի պահանջատեր է գլխավոր դատախազից, քան ընդդիմադիրները:
Նա նշեց, որ կալանքների հետ կապված Հայաստանում լուրջ խնդիրներ կան. «Խոսքը կալանքների քանակներին ու համընդհանուր բնույթի մասին չէ, դա պետք է լինի մաքսիմալ հիմնավորված: Ամեն անգամ կալանավորելիս՝ նախաքննության մարմինը, դատարանը պետք է հիմնավորեն այն հիմքերը, որոնք առկայության պարագայում անձը կալանավորվում է»: