«Ծառուկյան» դաշինքի օրակարգում այսօր կոալիցիա կազմելու խնդիր չկա». Նաիրա Զոհրաբյան
«Մեր օրակարգում կոալիցիա կազմելու խնդիր չկա: Թե այդ խոսակցություններն ո՞վ և ի՞նչ նպատակով է դնում շրջանառության մեջ`դիմեք իրենց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե 2018-ի «Ծառուկյան» դաշինքը հնարավոր է կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ:
Հիշեցնենք, որ կոալիցիայի հավանակությունը չէին բացառել նույն խմբակցության որոշ պատգամավորներ:
Թե 2018-ին ո՞վ է լինելու վարչապետը, Ն.Զոհրաբյանը նշեց, որ ՀՀԿ-ն վերցրել է մեծամասնություն, այսինքն` վերցրել է քաղաքական պատասխանատվությունը. «Թե ո՞վ կլինի 2018-ին վարչապետ, ինձ անձամբ ո՛չ վերաբերվում է և, անկեղծ ասած, ո՛չ էլ հետաքրքրում»:
«Եթե մենք վերցնեինք մեծամասնություն, այդ ժամանակ ձեր հարցը կլիներ տեղին և այդ ժամանակ ես կասեի, որ վարչապետի թեկնածու եմ տեսնում Գագիկ Ծառուկյանին»,- հավելեց Ն.Զոհրաբյանը: