«ԱրմենՏելը» կտուգանվի 4 միլիոն դրամով
«ԱրմենՏել» ընկերությունը պարտավոր էր մինչև 2017 թ. հունիսի 1-ն օպտիկամանրաթելային կապուղիների հասանելիության ապահովմամբ զարգացնել իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի ենթակառուցվածքները ՀՀ Լոռու մարզի՝ Գյուլագարակ, Շամլուղ, Նժդեհ, Սյունիքի մարզի՝ Արևիս, Գորայք, Սալվարդ, Հացավան, Կարճևան, Աջիբաջ, Նոր Աստղաբերդ և Բարիքավան (Մուսալլամ) բնակավայրերում։ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. հուլիսի 1-ի N208Ա որոշման համաձայն՝ այդ բնակավայրերում օպտիկամանրաթելային կապուղիների հասանելիության ապահովումը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման տեսանկյունից ունի ռազմավարական նշանակություն։
Սակայն այս տարվա հունիսի 12-ի դրությամբ աշխատանքներն ավարտվել են միայն Գյուլագարակում։ Ըստ այդմ՝ ՀԾԿՀ-ն հունիսի 15-ից «ԱրմենՏելի» նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները և հայտնել, որ աշխատանքները նախատեսում է ավարտել օգոստոս ամսին։
Հանձնաժողովը հուլիսի 12-ի նիստում նախատեսում է որոշում ընդունել և «ԱրմենՏելին» տուգանել ընդհանուր 4 միլիոն դրամ գումարի չափով։