«Ռուսաստանը շարունակում է իր երկակի և բավականին կեղտոտ խաղը արցախյան հարցի կարգավորման գործընթացում». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ միջազգային հանրության օրակարգում Արցախի հարցը շարունակում է մնալ օրակարգի վերջին տողերում. «Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում հստակ տարբերակում է դրվում արցախյալ կոնֆլիկտի և հետխորհրդային տարածքի այլ կոնֆլիկտների միջև։ Տարբերակումն այն է, որ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ և ճանաչվում է միանշանակորեն, վերջակետ։ Դրանից հետո գալիս է մի նոր պարբերություն, որտեղ հիշատակվում է արցախյան կոնֆլիկտը և նշվում, որ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, բացառապես խաղաղ ճանապարհով, մարդու իրավունքների և ժողովուրդների իրավահավասարության նորմերը հաշվի առնելով»։

Ըստ Մեհրաբյանի՝ դա պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ կոնֆլիկտների պարագայում չկա ցեղասպանության վտանգի հարց, ինչը, ըստ նրա՝ առկա է արցախյան կոնֆլիկտի պարագայում.

«Մյուս չափազանց կարևոր պատճառն այն է, որ այդ երեք երկիրն էլ միանշանակորեն ընտրել է ժողովրդավարության, եվրոպականացման ուղին։ Այլ ոչ թե կառուցում են ֆաշիստական պետություններ, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Բնականաբար, Ադրբեջանի ցանկությունների հետ սա չի համապատասխանում, և G-20-ից առաջ Ադրբեջանը փորձեց բարձրացնել խաղադրույքները։ Ընդ որում՝ դա արեց մի տարբերակով, որը բոլոր առումներով ուղղակի անթույլատրելի է. տեղակայելով հրետանային կայանները բնակելի տների մերձակայքում և դրանով իսկ հարուցելով պատասխան կրակն այդ ուղղությամբ, ինչը բերեց քաղաքացիական անձանց շատ ցավալի զոհերի։ Բայց դա մեր հրահրածը չէր, այլ իրենցն էր»։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների հետ կապված՝ նա նշեց, որ ՄԽ-ն առայժմ մեղավորներին որոշելու մանդատ չունի. «Այն, որ հայկական կողմն այսօր առաջարկում է այդ հետաքննության, պատասխանատվության, մշտական մոնիտորինգի մեխանիզմները, մերժվում է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը չէր կարող դա մերժել, եթե նրա թիկունքում սարի պես կանգնած չլիներ Ռուսաստանը։ Այո, Ռուսաստանը շարունակում է իր երկակի և բավականին կեղտոտ խաղը՝ արցախյան հարցի կարգավորման գործընթացում։ Հիշեցնեմ, որ մեզ վրա կրակում է ռուսական զենքը։ Ադրբեջանական զենքի առնվազն 80%-ը ռուսական է»։

Կարդացեք նաև

Փորձագետն այն կարծիքին է, որ առաջիկայում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանալու է։ Նա նշեց այն քայլերը, որոնք չպետք է անի հայկական կողմը. «Հայկական կողմը որևէ բանակցության չպետք է գնա, որը դուրս է ՄԽ եռանախագահության շրջանակից։ Երկրորդ՝ հայկական կողմը չպետք է թույլ տա, որ Վիեննայի պայմանավորվածությունները դուրս գան օրակարգից, և Ադրբեջանի մոտ ստացվի փոխել օրակարգը»։

Տեսանյութեր

Լրահոս