ԱՄՆ-ը ու Ռուսաստանը համաձայնել են համագործակցել Սիրիայում

«Մենք դրական առաջընթաց ենք ակնկալում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների եւ բոլոր մյուս կողմերի համար», – Գերմանական Համբուրգում հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը’ բացելով իր առաջին հանդիպումը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ: Այս մասին, ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, լրագրողներին է հայտնել ԱՄՆ-ի Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի՝ Համբուրգում տեղի ունեցած առաջին հանդիպման արդյունքները:

Associated Press գործակալության հաղորդմամբ, պետքարտուղար Թիլերսոնը հայտարարել է, որ 2 ժամ 16 րոպե շարունակվող հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը համաձայնել են հրադադար հաստատել Հորդանանի սահմանի մոտ գտնվող Սիրիայի տարածքներում, որտեղ վերջին շրջանում հատկապես ծանր իրավիճակ էր տիրում: «Սա առաջին նշանն է այն բանի, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են միասին աշխատել Սիրիայում», – մեջբերում է Ռեքս Թիլերսոնին Associated Press-ը: Պետքարտուղարը նաեւ կրկնել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որ Ասադների ընտանիքը եւ Ասադի ռեժիմը Սիրիայում ապագա չունի:

Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի բանակցությունները անցնում էին Համբուրգում սկսված աշխարհի 20 խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների գագաթաժողովի շրջանակներում: Գագաթաժողով, որի մասնակից առաջնորդներից շատերը նախապես հայտնել էին, որ մեծ սպասումներ չունեն:

Գագաթաժողովն ընդունող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր բացման ելույթում մասնակիցներին կոչ արեց փոխզիջումների պատրաստակամություն ցուցաբերել.

«Մենք բոլորս տեղյակ ենք գլոբալ մարտահրավերներից, տեղյակ ենք, որ ժամանակը սուղ է: Հենց այդ պատճառով խնդիրները հնարավոր է կարգավորել միայն, եթե մենք պատրաստ ենք փոխզիջման եւ պատրաստ ենք մոտեցնել մեր դիրքորոշումները»:

Գագաթաժողովի առաջին օրը բոլորի ուշադրությունը գրավել էր Դոնալդ Թրամփի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, սակայն մասնակիցներն առջեւում ունեն նաեւ կլիմայի փոփոխության եւ Հյուսիսային Կորեայի հիմնախնդիրները, որոնք անհապաղ միջամտություն են պահանջում:

Տեսանյութեր

Լրահոս