ՊՆ ավտոմեքենայի վթարից տուժած պայմանագրային զինծառայողը դեռ հետազոտվում է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտյան պաշտպանության նախարարության ավտոմեքենայի վթարվելու հետևանքով Վանաձորի զինվորական հոսպիտալ տեղափոխված պայմանագրային զինծառայողը դեռևս հետազոտություններ է անցնում` պարզելու նրա առողջությանը հասցված վնասը: Այս մասին մեր զրույցում տեղեկացրեց նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Միևնույն ժամանակ նա հավաստիացրեց, որ զինծառայողը լուրջ վնասվածներ չի ստացել, եւ նրա մոտ առկա են ընդամենը քերծվածքներ: Ավտոմեքենայում գտնված քաղաքացիական անձը, ըստ Հովհաննիսյանի, ընդհանրապես չի տուժել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նա հոսպիտալացվելու կարիք չունի:
Տրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհահատվածում: КамАЗ մակնիշի ավտոմեքենեքենան վարել է վթարից տուժած պայմանագրային զինծառայողը: Մեքենայում գտնվող երկրորդ` քաղաքացիական անձը բանվոր է եղել: Ինչ վերաբերում է ավտովթարի պատճառին, պաշտպանության նախարարության խոսնակն ասաց, որ այդ մասին որեւէ մեկնաբանություն չի կարող տալ:
Նկատենք, որ պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցի մասնակցությամբ նախորդ պատահարը եղել էր հունիսի 26-ին: Այն ժամանակ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին: Տուժել էր 8 զինծառայող»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։