Առանց հավաստագրի ուղեկցության ԵԱՏՄ տարածք կթույլատրվի մինչև 5 կգ բուսասանիտարական արտադրանք ներմուծել

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ պահանջների համաձայն՝  կթույլատրվի առանց բուսասանիտարական հավաստագրի ուղեկցության Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բարձր ռիսկայնության բուսասանիտարական արտադրանք, ինչպես նաև՝ առավելագույնը 3 ծաղկեփունջ:

Խոսքը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ձեռքի ծանրոցներում, նավերի, ինքնաթիռների, ուղևորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, ինչպես նաև նշված փոխադրամիջոցների վարորդների և անձնակազմի անդամների՝ ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռներում փոխադրվող ապրանքատեսակների մասին  է:

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և միության մաքսային տարածքով փոխադրվող ուղեբեռներում սերմերը և տնկանյութերը (ներառյալ սերմացու և արդյունաբերական կարտոֆիլը, սելեկցիոն և գիտահետազոտական նպատակների համար նյութերը) պետք է առանց քանակային սահմանափակման և ռիսկի աստիճանի ուղեկցվեն բուսասանիտարական հավաստանգրերով՝ տրված արտահանող երկրի և/կամ վերաարտահանող երկրի բուսասանիտարիայի ոլորտում լիազոր մարմնի կողմից:

Մաքսային միության կողմից սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա արտադրանքի ցանկին` ըստ բարձր և ցածր ռիսկայնության, կարող եք ծանոթանալ այստեղ.

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողությունը կիրականացնի ելնելով այս պահանջներից, ուստի խնդրում է քաղաքացիներին հետևել սահմանված թույլատրելի չափաքանակներին:

Տեսանյութեր

Լրահոս