Բաժիններ՝

«Եթե ոստիկանի մեջ կա ջարդելու մեխանիզմը, ուզում ես՝ երկնքից հրեշտակ իջեցրու, ոչինչ չի փոխվի». իրավաբան

Իրավաբան, իրավախորհրդատու, գրող, հրապարակախոս Հայկազ Մակարյանի խոսքով՝ երիտասարդության շրջանում արտագաղթի հիմնական և առաջնային պատճառը գործազրկությունն է, որի մակարդակը հասել է 40.2 %-ի: Նրա կարծիքով՝ այս ցուցանիշը մոտ  2.5 անգամ բարձր է գործազրկության միջին մակարդակից:

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ ՀՀ-ում 2017 թվականին 15-24 տարեկանների շրջանում անաշխատանք են համարվում տղամարդկանց 17.3 %-ը, աղջիկների՝ 17.7 %-ը:

«Սա խայտառակ ցուցանիշ է: Մոտ 120-130.000 և ավելի բանիմաց, այս կամ ոլորտում որակավորում ունեցող մասնագետներ հիմնականում հուսալքված են»,- ասաց նա:

Արտագաղթի մյուս պատճառը, Հայկազ Մակարյանի դիտարկմամբ՝ Ոստիկանության կողմից ոչ հավուր պատշաճի կատարվող գործողություններն են: Քանի որ, երբ երիտասարդը տեսնում է, թե ինչպես է վարվում ոստիկանն իր հայրենակցի նկատմամբ, նրա մեջ հիասթափություն է առաջանում:

«Բազմաթիվ անգամ երիտասարդները տարբեր շարժումների ժամանակ իրենց ձայնն են բարձրացրել, բայց ի՞նչ եղավ: Ծեծ ու ջարդ: ՀՀ նախագահը ասում է, որ, եթե խաղաղասիրական ուժով մոտենայիք, ոչ մի ոստիկան ձեր հետ ուժով չէր խոսի: Ես անձամբ բազմաթիվ անգամ խաղաղ կոչով եմ հանդես եկել, բայց եթե ոստիկանի մեջ կա ջարդելու մեխանիզմը, ուզում ես՝ երկնքից հրեշտակ իջեցրու, ոչինչ չի փոխվի»,- ասաց Հայկազ Մակարյանը:

Նա սփյուռքահայ բարերարներին հորդորեց ստեղծել անկախ փորձագետների խումբ, որոնք կզբաղվեն երիտասարդների հիմնախնդիրներով, և այդ խումբը կկարողանա լուծում տալ այնպիսի խնդիրների, որոնք որևէ կապ չեն ունենա իշխանական այս կամ այն ապարատի հետ:

Հայկազ Մակարյանը ներկայացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալները՝ նշեց, որ ՀՀ-ում արտագաղթողների թիվը 2018-ից մինչև 2020 թվականը հասնելու է 30 %-ի, այսինքն՝ տարին տարու վրա ավելանալու է, և հետ միտում չկա:

Ասուլիսի մյուս բանախոսի՝ հոգեբան Արկադի Մեհրաբյանի խոսքով՝ արտագաղթողներին էլ չի կարելի մեղադրել, որովհետև իրենց ընտանիքի մասին են ուզում հոգ տանել: Իսկ  թե ինչքանո՞վ են սահմանում տեղի ունեցած իրադարձություններն ազդել արտագաղթի վրա, բանախոսը պատասխանեց, որ բացարձակ ազդեցություն չեն թողել, ընդհակառակը՝ ավելի են համախմբել:

Հայկազ Մակարյանը վերջում կոչով դիմեց կառավարությանը՝ ասելով.

«Երիտասարդներն այն հրաշալի սերուցքն են, որ պետք է աշխարհին ներկայացնեն Հայաստանի տեսլականը լուսավոր ձևով, և, եթե ուզում եք ոչնչացնել այդ շերտը, արեք այն, ինչ ուզում եք: Մտածեք, ծանր ու թեթև արեք, թողեք այդ սփյուռաքահայ բարերարները ներդրումներ անեն, վստահություն ներշնչեք»:

Անի Թորոսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս