Բաժիններ՝

«Մեկ էլ եթերում տեսնում ես, որ 100 հոգի մտել են 2 հոգու անկողնու մեջ ու սկսել են վերլուծություններ անել, թե ինչ է տեղի ունենում այդ անկողնում». Նիկոլ Փաշինյան

«Ընտանիք, մարդկային հարաբերություններ հասկացությունները մեր հեռուստաեթերում շատ հաճախ տանում են նրան, որ մեկ էլ եթերում տեսնում ես, որ 100 հոգի մտել են 2 հոգու անկողնու մեջ ու սկսել են այնտեղ ինչ-որ վերլուծություններ անել, թե ինչ է տեղի ունենում այդ անկողնում»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ազգային ողբերգություն է, երբ մարդը չի գիտակցում, որ չի կարելի գալ ու եթերում պատմել ընտանիքիդ անդամների հետ քո ունեցած հարաբերությունների մասին։

«Հանրությունն էլ բերանը բաց լսում է, թե ով ում «քրֆեց», քանի՞ անգամ, ո՞նց։ Սա մարդկանց փոքրացնում է»,- նկատեց պատգամավորը։

Փաշինյանն ընդգծեց՝ մենք անընդհատ ասում ենք՝ տաքսու վարորդը` այսպես, երթուղայինի վարորդը` այնպես, բայց ըստ նրա՝ ամբողջ հանրապետությունը ծխախոտի ծխուկների շերտի տակ ծածկված է. «Սա ի՞նչ խնդիր է. այստեղ կրթական ցենզի խնդիր կա։ Եթե մենք չենք կարողանում այդ մարդու կրթական ցենզը բարձրացնել այնքան, որ իր մեջ ռեֆլեքս առաջանա, որ այս գործողությունն անել չի կարելի, դա անընդհատ լինելու է։ Այո, կարող ենք բյուջետային միջոցները շատացնել, ծխախոտ հավաքողի հազար հաստիք ավելացնել, բայց հարցը դրանով չի լուծվելու։ Այս խնդրի լուծման մեխանիզմը հեռուստա-ռադիո հեռարձակման որակն ու մակարդակն է»։

Փաշինյանի խոսքով՝ ամենակարևոր խնդիրն է` կառուցել երկու մարդկանց հարաբերություններ. «Որ ասում են՝ մարդիկ չեն ժպտում փողոցներում, ճիշտ են ասում՝ չեն ժպտում։ Դա էլ ոչ սոցիալական վիճակի խնդիր է, ոչ քաղաքական վիճակի խնդիր է, դա էլ է կրթական խնդիր։ Մարդը մարդուն հանդիպելիս՝ պետք է ժպտա։ Կիսագողական կուլտուրայի արձագանքն է, որ մեկին տեսնում ես, պետք է հոնքերդ կիտես, որ ինքը քեզ լուրջ վերաբերվի, հանկարծ չմտածի, թե դու «ղզիկ» ես։ Ամեն հաղորդման հեղինակ, հեռուստատեսության տնօրեն պետք է դառնա այն մարդը, որ նման բաներ չանի. չբերի սիրեկանին ու սիրուհուն նստացնի եթերում, ամուսնուն էլ՝ կողքը, ու ասի՝ դե’, պատմեք՝ ո”նց եղավ այդ ամենը։ Մենք էլ նույնիսկ մեր տներում չենք կարողանում վերահսկել, թե ինչ են լսում մեր փոքրահասակ երեխաները։ Մենք պետք է շատ հստակ բարձրաձայնենք, որ հեռուստա-ռադիո քաղաքականության խնդիրը պետք է լուծի հանրության կրթական ցենզի բարձրացման խնդիրը»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս