«Ես քեզանից շատ բան եմ արել այս երկրի համար». Ըստ Շիրխանյանի՝ իրեն ասել է դատավորը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով դատական նիստը։ Պատճառն ամբաստանյալների պաշտպանների բացակայությունն էր։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին։

Մինչ նիստի հետաձգվելը գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նիստերի քարտուղարը չզեկուցեց Վահան Շիրխանյանի բացակայության մասին, ինչին ի պատասխան՝ դատավորն ասաց, որ Վահան Շիրխանյանը 3 ժամով հեռացված է նիստերի դահլիճից։ «Ոչ մի տեղ գրված չէ, որ այդ 3 ժամը վերաբերում է նիստերի ընթացքին՝ մեկ, երկրորդը՝ այնուամենայնիվ, զեկուցելիս Ձեր նիստերի քարտուղարը պարտավոր է զեկուցել, որովհետև, երբ որևէ մեկը տարիներ հետո այս ձայնագրությունը լսի, տպավորություն է ստեղծվելու, որ պարոն Շիրխանյանն այսօր այստեղ է գտնվել։ Իսկ այն, որ այս ձայնագրությունները դեռ շատ են լսվելու տարբեր առիթներով, ես Ձեզ հավատացնում եմ»,- ասաց Հայկ Ալումյանը։

Հայկ Ալումյանը հանդես եկավ նաև դատավորի գործողություններին առնչվող հայտարարությամբ։ Ներկայացնելով այս գործով նախորդ դատական նիստի ընթացքում և դրանից դուրս տեղի ունեցած իրադարձությունները՝ փաստաբանն ասաց.

«Երբ անցած դատական նիստին պարոն Շիրխանյանը փորձել է Ձեզ ասել, որ Դուք չեք հասկանում, թե ինչ ցավեր ունի ինքը, Դուք համարել եք, որ նա Ձեզ վիրավորեց, և դուրս գալով դատական նիստերի դահլիճից՝ դարանակալել եք պարոն Շիրխանյանին այստեղ՝ միջանցքում՝ դատական նիստերի դահլիճի դռնից այն կողմ։ Երբ պարոն Շիրխանյանն աթոռի վրա նստած վիճակում հանվել է նիստերի դահլիճից, Դուք բազմաթիվ ոստիկանների և կարգադրիչների ներկայությամբ չափազանց անհարգալից և վիրավորական արտահայտություններով, «դու»-ով, փորձել եք հաշիվ պահանջել այն բանի համար, որ պարոն Շիրխանյանն իբր հանդգնել է Ձեզ «չհասկացող» անվանել։ Այսքանը ես ականատես եմ եղել անձամբ։ Տեսնելով, որ տեղի ունեցածը երևում է դահլիճից՝ կարգադրիչները փակել են դուռը, որից հետո արդեն, պարոն Շիրխանյանի պատմելով՝ Դուք նրան ասել եք հետևյալը՝ «դու ո՞վ ես, որ ասես՝ չի հասկանում» (սա՝ մի արտահայտություն), «ձեր շինած երկիրն ա, ի՞նչ ես ուզում» (սա՝ երկրորդ արտահայտությունը), «ես քեզանից շատ բան եմ արել այս երկրի համար» (սա՝ երրորդ արտահայտությունը), «դերասա՛ն, դու ոչ մի հիվանդ չես, դու նույնիսկ վազում ես, մատներիդ վրա ես սաղին ֆռռացնում» (սա՝ չորրորդ արտահայտությունը, որը, ըստ պարոն Շիրխանյանի, Դուք այստեղ արել եք)»։ Հայկ Ալումյանն ասաց, որ այս կապակցությամբ ինքնաբացարկի միջնորդություն ունի դատավորին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս