
Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպանները յոթ օր կալանքի տակ կմնան

Թուրքական դատախազությունը որոշում է կայացրել յոթ օրով կալանավորել Ստամբուլում ձերբակալված մարդու իրավունքների պաշտպաններին: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Իրավապաշտպաններից մի քանիսի փաստաբան Բահրի Բելենը հայտնել է, որ թեպետ դատախազը նման որոշում է կայացրել, սակայն հայտնի չէ, թե ինչում են իր պաշտպանյալներին մեղադրում:
Իսկ Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերությունն էլ հայտարարել է, որ ձերբակալվածները մեղադրվում են «զինված հանցախմբի անդամ լինելու» մեջ:
Թուրքիայի իրավապահ մարմինները հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են ներկաներից ավելի քան տասին: Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք:
Միացյալ Նահանգների պետդեպը կատարվածի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով պահպանել Թուրքիայի սահմանադրությամբ երաշխավորված ազատությունները:
Կատարվածի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել միջազգային Amnesty International կազմակերպությունը, որը խորը մտահոգություն է հայտնել ակտիվիստներին անհիմն պատճառներով ձերբակալելու առնչությամբ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: