Թոշակառուներին կանչում են հարցաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը շարունակում է լրջորեն քննվել իրավապահների կողմից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղի բնակիչներին իրավապահները տանում են հարցաքննելու: Հիշեցնենք, որ 2016 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Բանն այն է, որ 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորվել էր 2 անձ, ևս մի քանիսը՝ ձերբակալվել:

Իսկ արդեն 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, և բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարների ստացումը:

Իսկ ահա փետրվարի 9-ին քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար: Բոլոր այս գործերով նախաքննությունը դեռեւս ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է, սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, իրավիճակը գնալով ավելի է լրջանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս