Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայում իրավապաշտպանների նոր ձերբակալություններով

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է այն փաստի առնչությամբ, որ հուլիսի 5-ին Թուրքիայում ձերբակալվել են առաջավոր իրավապաշտպաններ Amnesty International կազմակերպությունից և այլ ինստիտուտներից: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթի տարածած հաղորդագրության մեջ:

«Առաջնակարգ իրավապաշտպանների, լրագրողների, ակադեմիկոսների ու ակտիվիստների ձերբակալություններից հետո մենք կրկին ընդգծում ենք մարդու իրավունքները հարգելու կարևորությունը, որն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ և բխում է Թուրքիայի միջազգային պարտավորություններից: Ինչպես մենք արդեն բազմիցս ասել ենք՝ խոսքի ազատության համառ սահմանափակումները քայքայում ենք ժողովրդավարական հասարակության հիմքերը: Դժվար ժամանակներում անհրաժեշտ են ոչ թե ավելի քիչ, այլ ավելի շատ ձայներ»,- նշել է խոսնակը:

Թուրքիայի իրավապահ մարմինները հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են ներկաներից ավելի քան տասին: Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք:

Կատարվածի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել միջազգային Amnesty International կազմակերպությունը, որը խորը մտահոգություն է հայտնել ակտիվիստներին անհիմն պատճառներով ձերբակալելու առնչությամբ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս