Կառավարությունն այնքան էլ լավատես չէ

Ինչպես հայտնի է, 2017 թվականի պետական բյուջեի համաձայն՝ այս տարվա համար կանխատեսվում է 3.2% տնտեսական աճ։ Տարվա առաջին ամիսներին գրանցվել է ՀՆԱ-ի աճի և ՀՆԱ-ի իրական աճի կանխատեսվածից բարձր մակարդակ։

Մասնավորապես, ՀՆԱ-ի իրական աճը 2017 թվականի առաջին եռամսյակում՝ 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ, կազմել է 6.5%: Իսկ տնտեսական ակտիվությունը հունվար-մայիսին աճել է 6.4%-ով։

Հաշվի առնելով առաջին ամիսների տպավորիչ ցուցանիշները և այն հանգամանքը, որ 2016 թվականի երկրորդ կեսում տնտեսությունն անկում էր ապրում, տնտեսագետներից շատերը համոզված են, որ 2017 թվականին կգրանցվի 3.2%-ից շատ ավելի բարձր տնտեսական աճ։

Սակայն առաջին եռամսյակի ցուցանիշները չազդեցին միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումների վրա։ Այս տարվա հունիսի սկզբին Համաշխարհային բանկը «Գլոբալ տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում անփոփոխ թողեց 2017 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը։ Ինչպես հունվարին, այնպես էլ՝ այժմ, ՀԲ-ն գտնում է, որ Հայաստանն այս տարի կունենա 2.7% տնտեսական աճ։ Ըստ ՀԲ զեկույցի՝ 2018 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 3.1%-ով, իսկ 2019-ին աճը կարագանա մինչև 3.4%։

Համաշխարհային բանկի կանխատեսումները՝ իրենց հերթին, սակայն, չազդեցին ՀՀ կառավարության լավատեսության վրա։ Օրինակ, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հունիսի 16-ին հայտարարեց. «Կունենանք ավելի բարձր տնտեսական աճ, կունենանք ավելի բարձր հարկեր»: Նախարարը նշել էր, որ առաջին եռամսյակի համար 6.5% տնտեսական աճը բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ տարվա համար թիրախավորվել է 3.2%։ «ՏԱՑ ցուցանիշի մասով հունվար-ապրիլին աճը 5.7% է եղել։ Հունիսին, չի բացառվում, որ ևս մի փոքր դանդաղում ունենանք, բայց էական նվազում տարվա կտրվածքով չենք ակնկալում»,- ասել էր նա։

Հիմա՝ ամենահետաքրքիրը։

ՀՀ կառավարության երեկվա նիստում քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ծավալուն այս փաստաթղթում, բացի ընթացիկ իրավիճակի վերլուծությունից, կան նաև կանխատեսումներ՝ առաջիկա 2-3 տարիների կտրվածքով։ Աղյուսակ 1-ը վերցված է հենց ՄԺԾԾ-ից։

Ինչպես տեսնում եք, ընթացիկ տարվա համար կառավարությունը կանխատեսում է 3.3% տնտեսական աճ։ Այսինքն՝ ընդամենը 0.1 տոկոսային կետով բարձր, քան կանխատեսվում էր 2017 թվականի պետական բյուջեով։ Սա նշանակում է, որ կառավարությունը խիստ զգուշավոր է լավատեսության հարցում և այս տարի տնտեսական աճի փայլուն ցուցանիշ չի խոստանում։

Փոխարենը՝ 2018 թվականի համար կանխատեսվում է 4.7% իրական տնտեսական աճ, 2019 թվականին՝ 5.4%, 2020 թվականին՝ 5.7%։ Սա արդեն տեղավորվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և կառավարության ծրագրի տրամաբանության մեջ, ըստ որոնց՝ առաջիկա 5 տարիներին ՀՆԱ-ի միջին տարեկան աճը պետք է կազմի 5%։

Իսկ ինչի՞ հաշվին է գրանցվելու տնտեսական աճը։ Ըստ ծրագրի՝ միջնաժամկետում ՀՆԱ-ի միջին 5.3% կանխատեսվող աճը հիմնականում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերով: Ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին աճին կկազմի համապատասխանաբար՝ 2.3 և 1.4 տոկոսային կետ:

Ուշագրավն այն է, որ կառավարությունը 2017 թվականի համար աճ է կանխատեսում նաև գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում, որտեղ 2017 թվականի հունվար-մայիսի արդյունքներով գրանցվել է անկում, համապատասխանաբար՝ 3.1%-ով և 12.5%-ով։

Մասնավորապես, գյուղատնտեսության աճը 2017 թվականին, ինչպես նաև 2018-2020 թվականներին ճյուղի միջին աճը կլինի 4.0%-ի շրջակայքում: Կանխատեսման համար հիմք են հանդիսացել ճյուղի զարգացմանն ուղղված՝ կառավարության կողմից իրականացվող ծրագրերից ակնկալվող արդյունքներն ու նախորդ տարիներին դրսևորած զարգացման միտումները:

Իսկ շինարարության ոլորտը, ըստ կանխատեսման, միջնաժամկետ հեռանկարում աճի միտում կդրսևորի՝ պայմանավորված տնտեսությունում ներդրումների սպասվող աճով: Շինարարության ճյուղի ավելացված արժեքը 2017 թվականին կաճի 2.5%-ով, իսկ միջնաժամկետում՝ միջինում՝ 5.7%-ով: Ավելին, շինարարության աճի տեմպերը ՀՆԱ-ի աճից կլինեն առաջանցիկ:

Տնտեսական աճին զուգահեռ՝ կառավարությունը, բնականաբար, կանխատեսում է նաև պետբյուջեի եկամուտների աճ։ Համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերության ցուցանիշը 2018-2020թթ. կտատանվի 23.4%-23,6 %-ի սահմաններում, իսկ ներքին ռեսուրսների հաշվին ձևավորվող եկամուտների դեպքում` 22,8% -23,3 %-ի սահմաններում: ՀՀ 2018-2020 թվականների պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար` 1,353.5, 1,489.6 և 1,643.8 մլրդ դրամի չափով: Եկամուտների տարեկան ծրագրային ծավալները կապահովվեն հիմնականում ի հաշիվ հարկային եկամուտների:

Տեսանյութեր

Լրահոս