
Պուտինի և Թրամփի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ի առավոտյան

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփն առաջին անգամ կհանդիպեն հուլիսի 7-ի առավոտյան: Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն «մեծ քսանյակի» գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համաձայն միջոցառման օրակարգի, «քսանյակի» առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Համբուրգի ժամանակով 10:00-ին: Գագաթնաժողովի տանտիրուհին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, կողջունի G20-ի առաջնորդներին Համբուրգի Կոնգրես-կենտրոնում, որտեղ տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները:
Պետությունների նախագահներն ու կառավարությունների ղեկավարները հերթականությամբ կժամանեն կենտրոն և ողջունելով կանցլերին՝ կսպասեն մյուսներին սրահներից մեկում:
Հենց այդ ժամանակ էլ կարող է տեղի ունենալ Պուտինի ու Թրամփի առաջին հանդիպումը: Երկու նախագահները, ինչպես և նախատեսվում է, կմասնակցեն լսմանը, որը նվիրված կլինի ահաբեկչության դեմ պայքարին:
Նույն օրն ավելի ուշ Պուտինը և Թրամփը կունենան առանձին լիարժեք հանդիպում: Երկու երկրների նախագահները կտեղակայվեն նույն Կոնգրես-կենտրոնում, սակայն կտեղափոխվեն այլ սրահ: