
«Սեպտեմբերին կլուծվի ՌԴ-ում այլ երկրների վարորդական վկայականներով գործունեություն ծավալելու հարցը». Կարինե Մինասյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով հարցերով նախարար Կարինե Մինասյանը հույս ունի, որ սեպտեմբերին կլուծվի ՌԴ-ում այլ երկրների վարորդական վկայականներով գործունեություն ծավալելու ճանաչման սահմանափակումների հարցը:
Այսօր լրագրողների հետ զրույցում Կարինե Մինասյանը նշեց, որ հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել այլ երկրների վարորդական իրավունքներով վարելու սահմանափակումները:
«Դա այն սահմանափակումն է, որը չի կարգավորում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, սակայն բիզնես միջավայրը բարձրացնում է այդ խնդիրը, և մենք զբաղվում ենք դրանով: Այդ հարցը բարձրացվել է Ղրղզստանի և Հայաստանի կողմից: Այժմ մեր հարթակում քննարկում ենք այդ հարցը, չնայած այն քննարկվում է նաև երկկողմանի համաձայնություններով: Ռուսաստանն արդեն որոշ քայլեր է կատարել և հայտարարել է, որ այդ հարցն ինչ-որ չափով լուծվելու է:
Լուծումը կապված է նրա հետ, որ մենք պետք է ներդաշնակեցնենք մեր պահանջները վարորդների նկատմամբ: Սակայն վերջերս ՌԴ-ն եկավ այն եզրակացության, որ ԵԱՏՄ երկրների համար օրենսդրությունում կանի առանձնահատուկ փոփոխություններ: Այդ օրենքն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ՌԴ-ում, և մենք հույս ունենք, որ այդ հարցը սեպտեմբերին կլուծվի»,- ասաց Մինասյանը` մանրամասնելով, որ օրենքում կավելացվի, որ այդ սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ անդամ երկրներում ստացված վարորդական իրավունքների վրա: