Բաժիններ՝

«Ոչ հաճախ, սակայն Հայաստանում կատարում են նաև կրծքագեղձի փոքրացում»

Պլաստիկ վիրաբուժության դիմողների թիվը Հայաստանում տարեցտարի ավելանում է: Ամենատարածված ու մատչելի պլաստիկ վիրահատությունը Հայաստանում քթի պլաստիկան է: Վերջին տարիներին տարածում են գտել նաև կրծքերի մեծացման վիրահատությունները, ինչպես նաև լիպոսակցիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

«Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը խիստ պահանջված է հանրության կողմից: Տարեկան Հայաստանում կատարվում է 15.000-20.000 պլաստիկ վիրաբուժական միջամտություն: Հայաստանում ավելի շատ դիմում են քթի պլաստիկ վիրահատությունների: Հաջորդը կրծքի վիրահատություններն են՝ մեծացում, ձգում, ձևի, ծավալի փոփոխում, ավելացել են նաև լիպոսակցիաները»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ոչ հաճախ, սակայն Հայաստանում կատարում են նաև կրծքագեղձի փոքրացում: Կա գիգանտոմաստիա ախտորոշում, երբ երիտասարդ աղջիկների ողնաշարը կարող է վնասվել չափազանց մեծ կրծքերի պատճառով:

«Նաիրի» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» կենտրոնների պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ Հայկ Ենոքյանի խոսքով՝ Հայաստանում այժմ ամենամատչելին դարձել է քթի պլաստիկան: «Պլաստիկ վիրահատությունների դիմում են հիմնականում երիտասարդ աղջիկները: Ոչ հաճախ, սակայն դիմում են նաև կոպերի, ականջների, որովայնի վիրահատությունների»,-ասաց նա:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ մեզ մոտ պլաստիկ վիրահատության դիմում են հիմնականում տեղացիները, թեև քիչ չեն նաև արտերկրից եկողները: Պատճառն այն է, որ բժշկության որակ և արժեք փոխհարաբերությունը Հայաստանում օպտիմալ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս