Մոսուլում ավելի քան մեկ միլիոն բնակիչներ են լքել իրենց տներն ԻՊ-ի դեմ գործողության պատճառով
Ավելի քան մեկ միլիոն մարդ է լքել Իրաքի Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի ազատագրման գործողությունն սկսվելուց ի վեր, հուլիսի 6-ին հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։
Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ:
Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ որոնք կատարվում են 2016 թվականի հոկեմբերից, հուլիսի 6-ի դրությամբ Մուսուլում իրականացվող գործողության պատճառով հարկադիր վերաբնակ է դարձել 1 միլիոն 34 հազար 670 մարդ: Նրանցից 821 838-ը մինչ օրս չեն վերադարձել իրենց տները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրաքի ֆեդերալ ոստիկանությունը Մոսուլում մնացած զինյալներին շրջապատել է վերջին շրջանում, որի տարածությունը չի գերազանցում 500 քառակուսի մետրը:
Անցյալ շաբաթ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Մոսուլի ան Նուրի գլխավոր մզկիթի ազատագրումը, որտեղից 2014 թվականին ԻՊ-ի պարագլուխը «խալիֆաթ» հռչակեց, «ԻՊ-ի կեղծ պետության վերջն է»: Կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը նշել է, որ քաղաքի լիակատար ազատագրման մասին կարող է հայտարարվել մի քանի օրվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: