«Դուք չեք կարողանալու երկիրն այս վիճակից հանել, ինչո՞ւ եք եկել». Էդմոն Մարուքյանը՝ Վարդան Արամյանին
«Այնպիսի տպավորություն է, որ կարծես բոլորը մեղավոր են Հայաստանում այսօրվա բացասական վիճակի համար, բացի իշխանություններից»,- այսօր ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Դուք ասում եք՝ բացասական զարգացումներ են եղել՝ Ռուսաստան, ԵՏՄ, սանկցիաներ, և այլն։ Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են այս վիճակի համար, բացի ՀՀ իշխանություններից: Կա՞ ինչ-որ հաջողության պատմություն, որն արձանագրել է այս կառավարությունը: Մի բան ասեք, որ կարողացել եք փոխել: Այս կառավարությունը ստանձնել է նախորդի բյուջեն: Կա ընդունած հին բյուջե, որի հետ, ասենք, համաձայն չեք, կամ եթե համաձայն եք, ինչի՞ եք դուք եկել, թող էդ հինը մնար: Դուք չեք կարողանալու երկիրն այս վիճակից հանել, ինչո՞ւ եք եկել»,- ասաց Մարուքյանը:
Ի պատասխան՝ Վարդան Արամյանն ասաց, որ ինքն իրատես է և որ հնարավոր չէ տրանսֆերտների անկում լինի ու դա երկրի վրա չազդի. «Մենք խոսում ենք ճիշտ արձագանքի մասին, որը հակացիկլիկ քաղաքականությունն է: Որևէ բան հենց այնպես չի լինում, 2016 թվականին մենք ծրագրվածից ավել կապիտալ ծախսեր ենք արել, որ ավելի հզորացնենք 2017-ի տնտեսական հիմքերը։ Մենք կարո՞ղ էինք առանց պարտքի աճի՝ այս ցնցումներին դիմակայել»:
Էդմոն Մարուքյանը պնդեց՝ պետք է իշխանափոխություն լիներ, որպեսզի այս վիճակից դուրս գայինք. «Այս ժամանակահատվածում դուք չեք կարողանալու երկիրն այս վիճակից հանել»։