Տարոն Մարգարյանի որոշմամբ Նոր Նորքում դադարեցվել է ուսումնական կենտրոնի գործունեությունը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը:

Հուլիսի 3-ին ընդունված որոշման մեջ նշվում է, որ կազմակերպության հետագա գործունեությունը ոչ նպատակահարմար է: Ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը նախատեսվել է դադարեցնել որոշումն ընդունվելու օրը` հուլիսի 3-ից` «մինչեւ հետագա կարգավիճակի հստակեցումը»:

Կենտրոնի տնօրենին հանձնարարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր աշխատակիցներին ծանուցել հաստիքների հնարավոր կրճատումների մասին:

Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այս տարածքում գործող ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնը հիմնադրվել է 1997 թվականին` որպես ուսումնաարտադրական, մարզաառողջարարական, մշակութային կենտրոն: 2009-ին վերափոխվել է` ստանալով ներկայիս անվանումը:

Նույն աղբյուրի տեղեկատվությամբ, դասասենյակներն ու արտադրամասերը վերանորոգված, կահավորված եւ հագեցված են հաստոցներով ու սարքավորումներով: Կենտրոնի կազմում գործում է 12 խմբակ, որոնցում սովորում է 395 աշակերտ:

Կենտրոնը բաղկացած է ուսումնա-մեթոդական եւ գիտա-արտադրական բաժիններից: Դատելով հրապարակված նյութից, այստեղ կան հայկական ժողովրդական երգի- պարի համույթ, պարի խմբեր, երեխաներին սովորեցրել են հագուստի մոդելավորում, նկարչություն, շախմատ, խեցեգործություն, կահույքագործություն, մրգաչրերի պատրաստում եւ ձեւավորում, նաեւ իրականացվել է որոշ սարքավորումների նախագծում եւ պատրաստում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս