Գարո Փայլանն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանին
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հուլիսի 5-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան: Պատրիարքարանից հայտնում են, որ Փայլանին ընդունել է պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
Փայլանը շնորհավորել է Բեքչյանին տեղապահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով պատրիարքի ընտրության գործընթացը կազմակերպելու գործում:
Սրաբազան Հայրը շնորհակալություն է հայտնել այցի համար և տեղեկություններ փոխանցել իր գործունեության մասին:
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով:
Որոշման ընդունումից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն պաշտոնապես ստանձնել է տեղապահի իր պաշտոնը, որում ընտրվել էր մայիսի 24-ին: