
«Սահմանադրությունը ստեղծել է հաստատուն զարգացման գնալու բոլոր գործիքները». Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ մեր պետական կարեւորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Ամրապնդելով պետականության հիմքերը, մարդուն, նրա իրավունքները եւ ազատությունները հռչակելով բարձրագույն արժեք` Սահմանադրությունն ամրագրել է բոլորիս ձգտումը` ապրել արդար եւ իրավական պետության մեջ: Ավելի քան 20 տարվա ընթացքում հիմնական օրենքի, այնուհետեւ դրանում կատարված փոփոխությունների ընդունմամբ սահմանադրական նորմերը որպես ուղենիշներ հիմնավորապես հաստատվել են պետական շինարարության մեջ եւ մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Հարգելի հայրենակիցներ,
մեր առջեւ շարունակաբար բացվում են նոր հնարավորություններ: Գլխավորապես մեզնից` մեր իրավունքներն ազատորեն իրացնելուց եւ պարտականությունները պատշաճ կատարելուց են կախված մեր առաջընթացն ու զարգացումը: Մենք պիտի ջանք չխնայենք, որ մեր երկիրը հաջողությամբ հաղթահարի դժվարությունները եւ հաստատուն քայլերով ոտք դնի զարգացման հաջորդ փուլ: Սահմանադրությունը ստեղծել է դրան հասնելու բոլոր պայմաններն ու գործիքները:
Քաղաքացու եւ պետության շահերի ընդհանրության գիտակցումով պետք է միավորենք մեր կարողությունները, հմտությունները եւ հնարավորությունները` այդ ամենն օգտագործելով ի շահ երկրի եւ ի բարօրություն ժողովրդի:
Մաղթում եմ կայուն խաղաղություն, ամուր առողջություն, բարեկեցություն, չթուլացող հավատ վաղվա օրվա եւ սեփական ուժերի հանդեպ»: