ՊՈԱԿ-ների կրճատման նոր փուլ է սկսվելու. կառավարությունը կկրճատի հարյուրավոր աշխատակիցների. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՊՈԱԿ-ների և նմանատիպ հիմնարկների կրճատման երկրորդ փուլն է սկսվելու:
Այս հարցով հստակություն կմտնի 2018թ. բյուջեի քննարկումների ժամանակ, որը, հավանաբար, կսկսվի օգոստոսին: Կառավարությունը ստիպված է կրճատել այդ հիմնարկների 80-150 հազար դրամ աշխատավարձ ստացող հարյուրավոր աշխատակիցների, քանի որ կողքից տասնյակ հիմնադրամներ են ստեղծում, որոնց համար ֆինանսավորման գումար չկա:
Ընդ որում, վարչապետի ստեղծած նոր կառույցներում աշխատավարձերն անհամեմատ բարձր են, օրինակ՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում սովորական ՊՈԱԿ-ների համեմատ 3-4 անգամ բարձր են ստանում, ղեկավարն էլ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է: Իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամում անգամ 2 մլն. դրամ և ավելի աշխատավարձ ստացող կա, մյուսներն էլ 500-600 հազար դրամ են ստանում: Այդ հիմնադրամի ղեկավարը ևս վարչապետի խորհրդականներից է՝ Ավակ Ավակյան: Ստացվում է, որ պետական համակարգի հին, ցածր աշխատավարձ ստացողներին կրճատում են՝ տեղ բացելով յուրայինների համար»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։