
Դավիթ Բաբայանը՝ Ստամբուլ-Բաքու չվերթի օդանավի կողմից Արցախի օդային տարածքը հատելու լուրերի մասին

Արցախի Հանրապետության օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ. չի բացառվում, որ Արցախի օդային տարածքով անցած լինեն նաև Թուրքիայից իրականացվող չվերթներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով քաղաքագետ Գագիկ Համբարյանի ուսումնասիրությամբ սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե Flightradar24.com կայքի տվյալներով հունիսի 12-ին Ստամբուլից Բաքու թռչող Turkish Airlines ընկերության Airbus A321-231 օդանավն անցել է Արցախի օդային տարածքով:
«Չի բացառվում, որ դա ապատեղեկատվություն լինի: Բայց ասեմ, որ Արցախի օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ: Եվ չի բացառվում, որ Ստամբուլից ևս ինչ-որ չվերթներ լինեն: Օրինակ, Երևանից Լիբանան, Փարիզ, Երևանից Գերմանիա, Ավստրիա և այլն, բոլոր չվերթները իրականացվում են Թուրքիայի տարածքով: Ես կարծում եմ, որ մենք չպետք է սա շահարկենք: Ի վերջո, եթե նույնիսկ Արցախի տարածքով Ստամբուլից Բաքու չվերթ է տեղի ունեցել, մենք Ադրբեջանը չենք, որ ահաբեկչական գործողություններով զբաղվենք: Դա Ադրբեջանի, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, «Ալ Քաիդա»-ի ոճն է: Եթե նույնիսկ տեսականորեն նման չվերթ տեղի ունենա, մեզ համար դա խնդիր չէ: Սա ցույց է տալիս, որ Արցախը նորմալ, քաղաքակիրթ երկիր է»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Դիտարկմանը, թե Բաքուն այլ երկրների ավիաընկերություններին կոչ է անում շրջանցել Արցախի օդային տարածքը, քանի որ այն վտանգավոր է, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ դրանք կեղծ և շինծու կոչեր են:
«Եթե թուրքական ինքնաթիռը իսկապես հատել է Արցախի օդային տարածքը, դա խոսում է հենց այն մասին, որ դրանք կեղծ կոչեր են: Իրենք մեկ բան ասում են, սակայն այլ բան են անում: Եթե վտանգավոր է Արցախի օդային տարածքը, ինչի՞ համար են իրենք այդ տարածքով չվերթ իրականացնում»,- նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Նա հավելեց, որ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և դատապարտի Ադրբեջանի քաղաքական ղեկավարության մակարդակով հնչող սպառնալիքները Ստեփանակերտի օդանավակայանից չվերթ իրականացնող օդանավերը խոցելու մասին: