
Կոչ ենք անում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները. ԱՀ գյուղնախարարության պատասխանատու

Արցախում սկսվել է հնդկացորենի բերքահավաքը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:
«Հուլիսի 4-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 64 հեկտար ցանքատարածություններից հնձվել է շուրջ 32 հազար 44 հա-ը, որից 9219 հա ցորեն, 22 հազար 806 հա գարի և 20 հա հաճար: Հնձվել է նաև 232 հա հնդկացորեն: Հացահատիկային բույսերի միջին բերքատվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23,8 ց/հա-ի դիմաց հեկտարից կազմել է 25,5 ցենտներ. հնդկացորենի միջին բերքատվությունը 8,7 ցենտներ է: Ընդհանուր առմամբ հավաքվել է 81 հազար 837 տոննա ցորեն, գարի, հաճար և 203 տ հնդկացորեն»,-տեղեկացրել է Վ. Ավետիսյանը:
Խոսելով ամառային աննախադեպ շոգ եղանակի պատճառով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգի մասին Վ. Ավետիսյանը հորդորել է. «Ընթացիկ տարվա հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ հնարավոր հրդեհներից և բերքի կորուստներից խուսափելու նպատակով, Արցախի գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում հանրապետության բնակչությանը պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ բերքահավաքից հետո խոզանի այրումից, մաքրել դաշտերի եզրերը մոլախոտային բուսականությունից՝ ստեղծելով պաշտպանիչ շերտեր: Նաև հորդորում ենք բոլորին ցուցաբերել ծայրահեղ զգուշավորություն և հիշեցնում, որ հրդեհների բռնկման պատճառ հանդիսացած անձիք կենթարկվեն պատասխանատվության՝ ըստ օրենքով սահմանված կարգի»: