Հայ դոնորը փրկել է լեյկեմիայով տառապող իրանցի մի փոքրիկի
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ հայ դոնորի օգնության կարիքն ուներ լեյկեմիայով տառապող իրանցի մի փոքրիկ, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։
Օրվա հերոսը լեյտենանտ Սերգեյ Օհանյանն էր, որը չկարողացավ անտարբեր անցնել մարդկային խաթարված ճակատագրի կողքով։ Առանց մեկ վարկյան վարանելու նա անցավ բջիջների հավաքմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և հուլիսի 3-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի Ցողունային Բջիջների Հավաքման բաժնում նվիրաբերեց իր դոնորական ցողունային բջիջները։
Ինչպես տեղեկացրին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրից, Սերգեյ Օհանյանը դոնորագրվել է 2012 թվականին, երբ դեռ ուսանում էր ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
Տարիներ շարունակ Հայաստանի զինված ուժերը և ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանը համագործակցում են Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի հետ։ Հայոց բանակի սպաներն ու զինվորները կազմում են Ռեեստրի դոնորների զգալի մասը։ Անհրաժեշտության դեպքում, նրանք, առանց վարանելու, օգնության ձեռք են մեկնել մահաբեր հիվանդության ճիրաններում տառապող հիվանդներին։
Շատ հպարտ ենք հայ ազգի այն զավակներով, ովքեր ոչ միայն պահպանում են մեր երկրի անդորրը, այլ նաև պատրաստ են փրկել կյանքեր՝ անկախ ազգային պատկանելությունից։ Ուզում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել լեյտենանտ Սերգեյ Օհանյանին բարի կամքի դրսևորման և մարդասիրական այս քայլի համար։
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ:
Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում:Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է մոտ 29.000 դոնոր, ռեեստր դիմած 4485 հիվանդի հետ նախնական համընկնող 4369 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 27-ը նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները:
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: