Պատկերացրեք, հանկարծ զենք ներմուծվի դատարանի շենք. ՓՊ նախկին նախագահը՝ փաստաբանների խուզարկության մասին. 1in.am
«Առաջին լրատվական»-ը ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանից հետաքրքրվել է այս օրերին փաստաբաններին առնչվող կարևոր խնդրի՝ դատարաններում փաստաբաններին խուզարկելու մասին: Սահակյանը նշել է, որ ինքը փաստաբանների կողմնակիցն է, փաստաբանին չի կարելի խուզարկել:
«Զննության ենթարկել կարելի է, խուզարկել՝ ոչ մի դեպքում: Այստեղ որոշակի խնդիր եմ տեսնում, որը պետք է լուծվեր փոխադարձ հարգանքի շրջանակներում: Բայց այդպես չեղավ: Ամեն դեպքւոմ, երբ արդեն մտնում են պայուսակի մեջ, ապա դա արդեն խուզարկություն է»,- ասել է Սահակյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը մեկ լուծում ունի. թող դատարանները բարի լինեն ապահովեն զննության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք տեղադրված են վերաքննիչ դատարանում և այլ կառույցներում, որը թույլ է տալիս առանց պայուսակը բացելու տեսնել պարունակությունը:
Սահակյանի խոսքով՝ այս խնդիրը հենց հիմա ի հայտ եկավ, քանի որ «Սասնա ծռերի» գործը օրդինար գործ չէ: «Սա ոչ գողության, ոչ էլ խուլիգանության գործ չէ: Սա քրեական գործ է, որը պայմանավորված է նրանով, որ եղել է զինված հարձակում: Երբ խոսքը զենքի մասին է, իշխանությունը նույնպես պետք է մտածի, որ չի բացառվում զենքի ներմուծում լինի դեպի դատարանի դահլիճ: Սա է պատճառը: Պատկերացրեք, հանկարծ զենք ներմուծվի դատարանի շենք: Այդ դեպքո՞ւմ ինչ կասեք դուք: Չե՞ք հարցնի՝ ինչո՞ւ չստուգեցին, ինչպե՞ս եղավ, որ զենքը ներմուծվեց դատարանի շենք»,- նկատեց Սահակյանը:
Բայց զենքը դատարան պետք է ներմուծվի փաստաբանի՞ միջոցով՝ հետաքրքրվեցինք: «Ամեն դեպքում օբյեկտիվ պատճառներ կան զննության համար: Բայց, ինչպես արդեն նշեցի, բանը խուզարկության չպետք է հասնի»,- եզրափակել է ՓՊ նախկին նախագահը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: